Զաբել I

Կիլիկիո թագավորությունն ունեցել է Զապել անունով երեք թագուհի: Նշենք, որ միևնույն հիմքից է առաջացել նաև Զապլուն անունը, որը, սակայն, հայկական միջավայրում ընկալվել է իբրև առանձին անուն: Դրա փայլուն վկայությունն է Լևոն III (II)–ի երեք դուստրերի անվանակոչությունը` Զապլուն, Զապել, Սիպիլ։ Այդ իսկ պատճառով Լևոն Մեծագործի առաջին տիկին Զապլունին չենք միավորել Զապել անունը կրող թագուհիներին:

XI դարի երկրորդ կեսին, երբ բուն Հայաստանում անկում էին ապրել հայկական երեք գլխավոր` Վասպուրականի Արծրունյաց (1021 թ.), Անիի կենտրո-նական (1045 թ.) և Կարսի Բագրատունյաց (1065 թ.) թագավորությունները, Հայկական լեռնաշխարհից դուրս` Միջերկրական ծովի հյուսիս–արևելքում, Ռուբեն իշխանը հիմնում է նոր հայկական իշխանություն՝ սկիզբ դնելով երեքհարյուրամյա պետականության։ Դա 1080 թվականն էր:

Նորաստեղծ պետականությունն իշխանության կարգավիճակը պահպանեց մինչև 1198 թվականը, երբ Լևոն II իշխանը հռչակվեց «Թագաւոր ամենայն Հայոց, և նահանգին Կիլիկէացոց, և Իսավռիոյ»: Այդ տիտղոսով Լևոն II–ը (իբրև արքա` Լևոն I–ը) ընդգծում էր իր թագավորության համահայկական նշանակությունը. պատահական չէ, որ ժամանակակիցներն այն ընկալում էին իբրև մեկուկես դար առաջ կործանված Անիի համահայկական թագավորության վերականգնում: Նա մեր պատմության մեջ մնաց «Մեծագործ», «Մեծահաղթ», «Բազմահաղթ», «Բարեպաշտ» պատվանուն–տիտղոսներով: Իշխանության ժամանակաշրջանից մեզ են հասել Կիլիկյան Հայաստանի մի քանի տիրուհիների անունները (Լևոն I–ի կին Մարիամը, Ռուբեն III–ի կին Իզաբելը), որոնց, սակայն, չենք անդրադառնա այստեղ, քանի որ նրանք չեն կրել թագուհու տիտղոս։

Թագուհու տիտղոսը կրած Կիլիկյան Հայաստանի առաջին տիրուհին Զապլունն էր` Լևոն Մեծագործի առաջին կինը, որը շատ տխուր Ճակատագիր ունեցավ։ Արքան դավաճանության համար 1206 թ.՝ մերձիմահ ծեծելուց հետո, բանտարկեց նրան Վահկա բերդում, որտեղ նա մահացավ հինգ տարվա տաժանակրությունից հետո: Մահվանից հետո էլ արքան չներեց թագուհուն հրամայելով նրան թաղել ոչ արքայավայել ծիսակարգով: Նրանից ունեցած դստերը` Ռիթային, Լևոն արքան դաստիարակության հանձնեց իր մորը, ում պատվին էր նա անվանակոչվել։ Արքայադուստր Ռիթան հետագայում դարձավ Երուսաղեմի թագուհի` Հովհան Բրիենի տիկինը…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *