Աստվածաշունչ նշանակում է Աստծուց ներշնչված / Աստծու ներշնչանքով գրված/ «Սուրբ գիրք», բառի լայն իմաստով, համարվում է ցանկացած կրոնականհամակարգում բացառիկ հեղինակություն վայելող և սրբություն համարվող գրությունների ամբողջությունը։ Առավել նեղ՝ քրիստոնեական իմաստով Սուրբ Գիրքը սրբազան մատյանների՝ գրքերի այն ժողովածուն է, որն եկեղեցիների կողմից ընդունվում է որպես աստվածային հայտնության արձանագրություն և իր մեջ պարունակում է Աստծո խոսքը, պատգամներն ու թելադրանքները, ինչպես նաև աղբյուր է ծառայում հավատքի, դավանական սկզբունքների, կրոնաբարոյական կյանքի ու հոգևոր սննդի համար։ «Սուրբ Գիրք» տերմինը, որ կիրառվում է քրիստոնեական բոլոր եկեղեցիների կողմից, թարգմանությունն է հունարեն βίβλος (biblos) բառի, որը թարգմանվում է գիրք, շարադրանք։ «Գիրք» կամ «գրքեր» անվանումը Սուրբ Գիրքը օգտագործում է դեռևս Հին Կտակարանում (Սաղմ. 39:8), իսկ Նոր Կտակարանում Քրիստոսը և առաքյալներըՀին Կտակարանի Սուրբ Գրքերը անվանում են «գրքեր» և «գրություններ» (Մատթ. 21:42, 22:29, Ղուկ. 24:32, Հովհ.5:39)։ Հին քրիստոնյաների մոտ լայն կիրառություն ուներ «Սուրբ Գրություններ» եզրը, որն օգտագործում է նաև Պողոս առաքյալը(Հռոմ.1:2, Բ Տիմ. 3:15)։ Սկզբնական շրջանում «Սուրբ Գրություններ» անվանվում էին բոլոր տեսակի Սուրբ Գրքերը, սակայն ժամանակի հետ այն համընդհանուր կիրառության մեջ մտավ որպես սուրբգրային տեքստերի կանոնականացված ժողովածու։

Ըստ այսմ, յուրաքանչյուր ավանդություն և յուրաքանչյուր դոգմա պետք է գտնվի Սուրբ Գրքի հետ հարաբերության մեջ։ Թեև Սուրբ Գիրքը, որպես այդպիսին, Եկեղեցումվկայված է Սրբազան Ավանդության մեջ և այդ իմաստով այն ավանդության բաղկացուցիչ է հանդիսանում, սակայն այն չի կորցնում իր բացառիկությունը և միակության արժեքը, այլ պահպանում է իր բնույթը որպես Աստծո խոսք, որը, մեկ անգամ ճանաչվելով և վկայվելով ավանդության մեջ, հանդիսանում է հավատքի և դավանանքի առաջնային աղբյուրը։ Կարելի է ասել, որ Սրբազան Ավանդությունն իր զանազան հայտնություններով ունի համեմատական-պատմական բնույթ, իսկ Սուրբ Գիրքը Աստծո ձայնն է՝ ուղղված մարդուն ու աշխարհին և նրան է պատկանում առաջնային կարևորությունն ու նշանակությունը։ Սուրբ Գիրքն աստվածային հավերժական հայտնությունն է և որպես այդպիսին, ունի անքննելի և միշտ բացահայտվող խորք ու նշանակություն ոչ միայն ներկա դարի, այլ նաև ապագայի համար։ Հատկանշական է այն, որ հայերիս մեջ Սուրբ Գիրքը առավելաբար անվանվում է Աստվածաշունչ՝ Աստծուց ներշնչված, Աստծո շնչով գրված։ Աստվածաշունչ բառը (hունարենն (theopneustos) (theos) – Աստված և πνεύμα (pneuma) – շունչ բառերից) առաջին անգամ գործածում է Պողոս առաքյալը՝ ասելով. «Աստծո շնչով գրված ամեն գիրք օգտակար է ուսուցման, հանդիմանության, ուղղելու և արդարության մեջ խրատելու համար» (Բ Տիմ. 3:16)։ Աստծո հայտնության գրավոր փոխանցումը մարգարեների և այլ հեղինակների կողմից նկատվել և ըմբռնվել է որպես հրաման հենց Իրենից՝ Աստծուց. «Ահա քեզ մի նոր մեծադիր մատյան. նրա մեջ ճարտար մարդու գրիչով գրի՛ր…» (Ես. 8:1) կամ «Պարզորոշ գրի՛ր այդ տեսիլքդ տախտակի վրա, որպեսզի ով կարդա, համարձակ կարդա» (Ամբ. 2:2)։ Սուրբ Գրքի աստվածաշնչականությունը (այսինքն Աստծո շնչով գրված լինելու հանգամանքը) ըմբռնելու համար շատ կարևոր է Պետրոս առաքյալի խոսքը. «… մարգարեությունը ոչ թե ըստ մարդկանց կամքի տրվեց, այլ Սուրբ Հոգուց մղված, որ խոսեցին Աստծո սուրբ մարդիկ» (Բ Պետ. 2:21)։ Հայտնության այս տվյալների վրա է անշուշտ հիմնված մեր եկեղեցու հանգանակի այն հատվածը, ուր ասվում է, թե Սուրբ Հոգին «խոսեցաւ յՕրէնս և ի Մարգարէս և յԱվետարանս»։ Այս ամենից կարելի է եզրակացնել, որ Սուրբ Գրքերի աստվածաշունչ լինելը անհերքելի իրողություն է, սակայն հարց է առաջանում, թե ինչպե՛ս պետք է ըմբռնել այդ աստվածաշունչ լինելու որակը, ձևը, տարողությունը։ Համաձայն Պետրոս առաքյալի երկրորդ նամակի առաջին գլխի 21-րդ համարի՝ հստակ է դառնում, որ Սուրբ Գիրքը երկու հեղինակ ունի՝ Աստված՝ Սուրբ Գրքի խորքի հեղինակը, այսինքն դրա նախապատճառը և մարդը՝ Սուրբ Գրքի ձևի հեղինակը՝ երկրորդական պատճառը։ Ինչպես Սուրբ Գրիգոր Սքանչելագործն է ասում. «Սուրբ մարգարեների և առաքյալների լեզվով մեզ հետ խոսում է Տերը»։ Թե՛ Լատին, Թե՛ Ուղղափառ եկեղեցիները շեշտում են այն, որ Սուրբ Գիրքը Աստծո խոսքն է, իսկ Բողոքական եկեղեցին այն կարծիքին է, թե Սուրբ Գիրքն ուղղակի բովանդակում է Աստծո խոսքը։ Ի տարբերություն այս կարծիքների, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին պնդում է, որ Սուրբ Գիրքը բովանդակում է Աստծո խոսքը և Աստծո խոսքն է ինքնին։ Եկեղեցին չի ընդունում այն տեսակետը, թե Սուրբ Գիրքն ուղղակիորեն բառ առ բառ թելադրվել է Աստծուց մարդուն, քանզի այդ պարագայում գրքերի հեղինակները պիտի համարվեն հասարակ գրագիրներ, որոնց դերը սահմանափակվում է գործնական աշխատանքով միայն։ Սուրբ Բարսեղ Մեծընշում է, որ Սուրբ Հոգին երբեք չի զրկում բանականությունից նրան, ում ինքը ներշնչում է. հակառակ դեպքում նման քայլը կդիտվի սատանայական։ Մարդկային բնությունը մնում է անձեռնմխելի այն բանում, որ հատուկ է միայն իրեն՝ մարդուն, սակայն հարստացվում է Սուրբ Հոգուց։ Յուրաքանչյուր աստվածաշնչական գրքում առկա է մարդկային հանճարի կնիքը, որը հատուկ է յուրաքանչյուր հեղինակի։ Կարծես կիսելով այս կարծիքը՝ Որոգինեսը պնդում է, որ ճիշտ չէ այն մտայնությունը, թե մարգարեները խոսել են առանց գիտակցության՝ Սուրբ Հոգու ճնշման տակ, այլ խոսել են կատարյալ ազատությամբ։ Սակայն մի բան միանգամայն ակնհայտ է. ներշնչումն Աստծուց է. հեղինակի գրի առնելու ժամանակ աստվածային զորությունը միշտ ներկա է, և այն, այսպես ասած, թույլ չի տալիս, որ գաղափարները գրվեն ու ներկայացվեն սխալ ձևով։ Ընդունելով, որ Սուրբ Գիրքը աստվածաշունչ է, քրիստոնյաները համարում են այն անսխալական՝ ճշմարտության աղբյուր և հայտնության հայելի։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *